2016 թվականից աշխարհում կարող է սկսվել անկայունության դարաշրջան. փորձագետներ
https://parstoday.ir/hy/news/world-i1612-2016_թվականից_աշխարհում_կարող_է_սկսվել_անկայունության_դարաշրջան._փորձագետներ
Մոլորակի վրա ներկայումս մոլեգնում են ճգնաժամերը, որոնց վերջը դեռ երկար չի երևա՝ գրում են Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովիի նախաշեմին հրապարակված զեկույցի հեղինակները: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 16:13 Asia/Tehran
  • 2016 թվականից աշխարհում կարող է սկսվել անկայունության դարաշրջան. փորձագետներ

Մոլորակի վրա ներկայումս մոլեգնում են ճգնաժամերը, որոնց վերջը դեռ երկար չի երևա՝ գրում են Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովիի նախաշեմին հրապարակված զեկույցի հեղինակները: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:

«Պատերազմը Սիրիայում վերաճել է անծայրածիր տարածաշրջանային ճգնաժամի: Միջնաժամկետ հեռանկարում այն կարող է հարցականի տակ դնել ողջ Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող սահմանները: Բացի այդ, Սիրիայի պատերազմը դարձել է փախստականների գլոբալ ճգնաժամի հիմնական պատճառ»,- ասված է զեկույցում:

Հաշվետվությունում բերված է անվերջանալի ճգնաժամերի առաջացրած վտանգների վառ օրինակը՝ ԴԱԻՇ-ը: Օգտվելով Մերձավոր Արևելքի քայաքայող պետություններում իշխանությունների վակուումից՝ ԴԱԻՇ-ն իր ազդեցությունն է տարածել Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս: Ավելին՝ ժամանակակից կապի տեխնոլոգիաներից օգտվելով՝ իսլամիստները համախոհներ են հավաքագրում ամբողջ աշխարհից, որոնք, ինչպես ցույց տվեցին Փարիզի ահաբեկչությունները, իրենց չարագործությունների համար օգտագործում են Եվրոպայում սահմանների բացումը:

Սակայն Եվրոպային սպառնալիք է բերում ոչ միայն իսլամական ահաբեկչությունը: Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը տուժում է չկարգավորված ուկրաինական հակամարտությունից, իսկ քաղաքական միասնությունը հարցականի տակ է փախստականների դրամատիկ ներհոսքի և դրանից բխող տարաձայնությունների պատճառով: Իրադրությունը խորացնում է վերածնվող ազգայնականությունը: Արդյունքում Շենգենյան գոտում վտանգվում է սահմանների ազատությունը: Ինչպես նշված է զեկույցում՝ այդ ճգնաժամի կարգավորումը դժվարացնում է «պաշտպանների անօգնականությունը» և «ավերողների անպատասխանատվությունը»:

Միջազգային կարգի «պաշտպաններից» մեկը՝ ԱՄՆ-ը, ակնհայտորեն սահմանափակել է աշխարհում հակաճգնաժամային մենեջերի առաջատար դերակատարություն ունենալու իր պատրաստակամությունը՝ ընդգծում են զեկույցի հեղինակները: Իսկ Եվրամիությունը, որը կարող էր համաշխարհային ասպարեզում պոտենցիալ հնարավորություն ունենալ՝ լինելու հզոր խաղացող, «չկարողացավ ձևավորել միասնական արտաքին և անվտանգության քաղաքականություն, ինչպես դա նախատեսված էր Լիսաբոնյան պայմանագրով»: ԵՄ-ն զբաղված է փախստականների հարցի շուրջ վեճերով և շատ այլ ներքին խնդիրներով:

Եվրոպայի և Ռուսաստանի միջև պահպանվում է լարվածությունը, իսկ Մերձավոր Արևելքում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությունը հասել է գագաթնակետին՝ ընդհուպ մինչև զինված առճակատում: Ռուսաստանի և Թուրքիայի միջև էլ սրընթաց աճում է լարվածությունը՝ նշվում է զեկույցում: Ասիայում Չինաստանի ինքնավստահությունը առաջացնում է նրա շատ հարևանների անհանգստությունը, ովքեր կցանկանային, որ ավելի կարևոր դեր խաղար ԱՄՆ-ը:

Մյունխենի համաժողովիի համար պատրաստված զեկույցի եզրակացությունները մխիթարական չեն. «2016 թվականին մենք հավանաբար կբախվենք անվստահության և հիմնարար փոփոխությունների ռիսկի մեծացման: Այն կարող է սկիզբ դնել աշխարհում անկայունության դարաշրջանին»: Իսկ ինչպիսին պետք է լիներ միջազգային հանրության պատասխանը՝ դեռևս դժվար է ասել: