Գերմանիայի ֆիննախարարը հայտարարել է, որ գերմանացիները կաղքատանան Ուկրաինայի ճգնաժամի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i168488-Գերմանիայի_ֆիննախարարը_հայտարարել_է_որ_գերմանացիները_կաղքատանան_Ուկրաինայի_ճգնաժամի_պատճառով
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները «կարողության կորուստ» է կանխատեսում Գերմանիայի քաղաքացիների համար Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետեւանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2022 15:58 Asia/Tehran
  • Գերմանիայի ֆիննախարարը հայտարարել է, որ գերմանացիները կաղքատանան Ուկրաինայի ճգնաժամի պատճառով

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները «կարողության կորուստ» է կանխատեսում Գերմանիայի քաղաքացիների համար Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետեւանքով:

«Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը մեզ բոլորից ավելի աղքատ է դարձնում, քանի որ մենք ստիպված ենք ավելի շատ վճարել ներկրվող էներգիայի համար: Այդ կարողության կորուստը չի կարող մարվել պետության կողմից»,- ասել է նախարարը Bild am Sonntag թերթին:

Սակայն, նրա խոսքով, դաշնային կառավարությունը «կմեղմացնի ամենամեծ ցնցումները»: Այդպիսով, բնակչության լայն շերտերը թեթեւություն կզգան, կարիքավորներն աջակցություն կստանան, իսկ սպառնալիքի տակ գտնվող ձեռնարկությունների գոյությունը կապահովվի: «Սակայն քանի որ ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են, այդ միջոցները կարող են միայն ժամանակավոր լինել»,- հավելել է նա:

«Ես լուրջ մտավախություն ունեմ տնտեսական զարգացման առնչությամբ: Աճը նվազում է, գները՝ աճում»,- հավելել է նախարարը: Նա նշել է, որ դաշնային կառավարությունն անում է ամեն հնարավորը՝ խուսափելու համար այսպես կոչված՝ ստագֆլյացիայի (իրավիճակը, որում տնտեսական անկումն ուղեկցվում է գնաճով` խմբ.) վտանգից:

«Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է նոր հիմքեր դնենք բարգավաճման համար: Գերմանիան պետք է թարմացնի սոցիալական եւ էկոլոգիական շուկայական տնտեսության աճի իր մոդելը»,- ասել է նախարարը:

news.am