Վրաստանի փոխվարչապետը Ուկրաինան «վրացի հանցագործների արգելոց» է կոչել
Ուկրաինան վերածվել է յուրատեսակ «վրացի հանցագործների արգելոցի», որոնց արտահանձնմանը ապարդյուն ձգտում է հասնել պաշտոնական Թբիլիսին։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ցուլուկիանին, նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
Այսկերպ նա մեկնաբանել է ուկրաինական իշխանությունների հայտարարությունները, որոնք Վրաստանին մեղադրում են պատժամիջոցների հետևանքով արգելված ապրանքները մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխելուն աջակցելու համար։ Հաղորդվում էր նաև մաքսանենգ ապրանքների տեղափոխման ապացույցներ ներկայացնելու` Թբիլիսիի պահանջի մասին։
«Դեռևս այն ժամանակ, երբ ես արդարադատության նախարարն էի (2012-2020թ,–խմբ․), Ուկրաինան վերածվել էր Վրաստանից փախած հանցագործների արգելոցի։ Ուստի ես կցանկանայի, որ ուկրաիական իշխանությունները չհավատային այդ հանցագործների պատմություններին»,-նշել է Ցուլուկիանին։
Նա Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել համագործակցել վրացական իշխանությունների, այլ ոչ թե փախուստի մեջ գտնվող ծայրահեղական ընդդիմադիրների հետ։
Ցուլուկիանին դիմել է իր ուկրաինացի գործընկեր, փոխվարչապետ Իրինա Վերեշչուկին՝ ընդգծելով, որ Վրաստանի սահմանները խստորեն վերահսկվում են։
«Այդ սահմանները վերահսկվում են հենց այն պատճառով, որ ցանկացած պատժամիջոցային նյութ կամ ապրանք, լինի դա ռազմական, թե երկակի նշանակության, չշրջանցի մեր սահմանների խիստ մաքսային մոնիտորինգը։ Դա է իրականությունը։ Մնացածը կեղտոտ սուտ է»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, ներկայում կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել էր։
armeniasputnik.am