ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԵԱՏՀ-ի խորհրդի անդամները հավանություն են տվել «2016-2017 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշման նախագծին: Նախատեսվում է այն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահների քննարկմանը ներկայացնել այս տարվա մայիսի 31- ին»,-ասված է ԵԱՏՀ-ի խորհրդի՝ մայիսի 16-ին Մոսկվայում կայացած նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում։
Մամուլի տեղեկագրի համաձայն՝ ԵԱՏՀ-ի խորհուրդը քննարկել է ինտեգրացման ու մակրոտնտեսության, առևտրի, ֆինանսական քաղաքականության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման, էներգետիկայի և ենթակառուցվածքի, մաքսային համագործակցության ոլորտների մի շարք հարցեր։