Պայթել է Բեռլինի հսկայական ակվարիումը՝ 1 մլն լիտր ջրով. կան վիրավորներ
Բեռլինի Raddison Blu հյուրանոցի նախասրահում գտնվող հսկայական ակվարիումը, որի մեջ կային 1500 արևադարձային ձկներ, պայթել է՝ հեղեղելով հյուրանոցը և մոտակա փողոցները: Այս մասին հաղորդում է BBC-ին:
«AquaDom»-ն ուներ 14 մետր երկարություն և համարվում էր աշխարհում ամենամեծ գլանաձև ակվարիումը: Ըստ ոստիկանության՝ ակվարիումի պայթյունը «անհավատալի վնասներ» է հասցրել, 2 մարդ վիրավորվել է ապակու բեկորներից: Ապակու կտորները տարածվել են նաև փողոցում:
Ակվարիումի մեջ տեղադրված էր վերելակ հյուրանոցի այցելուների համար, որի մեջից հնարավոր էր տեսնել ավելի քան 100 ձկնատեսակները:
Ակվարիումն արդիականացվել էր 2 տարի առաջ:
Դեպքի վայր է ժամանել ավելի քան 100 հրշեջ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:
«AquaDom»-ը բացվել էր 2003 թվականի դեկտեմբերին և հայտնվել էր «Գինեսի ռեկորդների գրքում»՝ որպես աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիում:
Նշվում է, որ այն կառուցելու համար ծախսվել է գրեթե 13 միլիոն եվրո: