Չավուշօղլուն աջակցել է կարգավորման վերաբերյալ տասը կետից բաղկացած Կիեւի ծրագրին
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ տասը կետից բաղկացած Կիեւի ծրագրին։
«Մենք հավատում ենք, որ այդ պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Ավելի լավ կլինի, եթե հնարավորինս շուտ հասնենք դրան։ Անցյալ տարվա մարտին Ստամբուլում որոշակի մշակումներ եղան, բայց ի հայտ եկան նոր պարամետրեր, նոր իրականություն։ Ռուսաստանն այժմ բանակցելու պատրաստակամություն է հայտնում, Զելենսկին 10 կետից բաղկացած ծրագիր է առաջ քաշել։ Մենք՝ լինելով Թուրքիա, աջակցում ենք այդ ծրագրին, աշխատանքներ ենք տանում դրա ուղղությամբ։ Նպատակ ենք դնում նախագահել որոշ կետերով։ Թուրքիան ակտիվ աշխատանք է տանում այդ ուղղությամբ»,-ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal թերթը՝ հղում անելով եվրոպական եւ ուկրաինական դիվանագիտական շրջանակների աղբյուրներին, հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկու շրջապատը ավարտում է Ուկրաինայում տասը կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագիրը եւ մտադիր է իր գաղափարները ներկայացնել փետրվարին։ Զելենսկին մինչ այդ հայտնել է, որ G20-ի գագաթաժողովի շրջանակում առցանց ելույթի ժամանակ բարձրաձայնել է Ուկրաինայում խաղաղության վերականգնման քայլերի իր տեսլականը, որը բաղկացած է 10 կետից։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ երկխոսության հարցում, երբ Կիեւը կատարում է հայտնի պահանջները եւ հաշվի է առնում նոր տարածքային իրողությունները:
news.am