Պայթյուն Աֆղանստանի ԱԳՆ-ի մոտ․ ավելի քան 21 զոհ կա
Աֆղանստանի ԱԳՆ-ի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է մահացել, զոհերից շատերը երկրի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարության կամ մշակույթի և տեղեկատվության նախարարության աշխատակիցներ էին:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ զոհերի թվում նաև «Թալիբան» շարժման (ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար) երեք անդամ կա։
Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանն էլ հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացիական անձ: Նա հավելել է, որ թալիբները դատապարտում են հարձակումը և մտադիր են պատժել մեղավորներին:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրները հայտնել էին, որ Աֆղանստանի մայրաքաղաքում՝ ԱԳՆ շենքից ոչ հեռու, պայթյուն է որոտացել, կրակոցներ են լսվել: Թալիբների ներկայացուցիչը հայտարարել էր, որ մահապարտ ահաբեկիչը փորձել է ներթափանցել գերատեսչության շենք, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները, ինչից հետո նա պայթյուն է իրականացրել:
armeniasputnik.am