Daily Telegraph. Արևմուտքը չի կարողանում զենք մատակարարել Կիևին
Անդրադառնալով Ուկրիանային զենք մատակարարելու Արևմուտքի անկարողությանը, բրիտանական Daily Telegraph-ը գրում է. «Ռուսաստան-Արևմուտք սպառազինության մրցավազքը պետք է ընկալել որպես լուրջ նախազգուշացում՝ արևմտյան երկրների ազգային պաշտպանության վիճակի մասին»։
Թերթը գրում է. «Ամեն նոր օր Արևմուտքի համար ավելի մտահոգիչ լուրեր է բերում պատերազմից: Ռուսական հարձակումները կանխելու համար, ուկրաինական բանակն արձակում է օրական 6 հազար հրանոթի արկ, ինչն Արևմուտքի համար բարդացնում է դրանց հետագա մատակարարումը»:
Խնդիրն այնքան լուրջ է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակը կարող է կրակելու փամփուշտներ չունենալ, եթե չխնայի զինամթերքը։
Այս իրավիճակը հիշեցնում է պատմական մի ճշմարտություն, որն ասում է. «Ռազմական կոշտ ուժը և որ ավելի կարևոր է՝ երկար ժամանակ պահպանելու և շարունակելու կարողությունն է որոշում պատերազմի հաղթողին»: