Հնդկաստանում մեկնարկել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա գագաթնաժողովը
(last modified Wed, 01 Mar 2023 14:25:18 GMT )
Մարտ 01, 2023 17:55 Asia/Tehran
  • Հնդկաստանում մեկնարկել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա գագաթնաժողովը

Նյու Դելիում մեկնարկել է Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովը: Աշխարհի առաջատար 20 երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի հարցը կլինի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:

Պարբերականը նշում է, որ դիվանագետները կքննարկեն, թե ինչպես են Եվրոպայում ընթացող ռազմական գործողություններն ազդում ամբողջ աշխարհի վրա և ինչպիսի լրացուցիչ դժվարությունների հետ են բախվում աղքատ զարգացող երկրները:

Հաղորդվում է, որ գագաթնաժողովի ընթացքում լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած կլինի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վրա: Նրանք վերջին անգամ նույն տարածքում են գտնվել անցյալ տարվա հուլիսին՝ Բալիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Ըստ ականատեսների՝ Լավրովը դուրս էր եկել սենյակից, երբ հայտնվել էր Բլինքենը:

Հնդկական կողմի հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն նաև 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք չեն մտնում G20-ի մեջ:

Գագաթնաժողովի օրակարգում ներառված են նաև այլ հարցեր, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսական աճը, ինֆլյացիան, էներգակիրների և պարենամթերքի գների աճը, ինչպես նաև ամբողջ աշխարհում ապրանքների և ծառայությունների պահանջարկի նվազումը:

Գագաթնաժողովից առաջ Հնդկաստանի Բանգալոր քաղաքում հանդիպել էին G20-ի ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները: Նրանց քննարկման հիմնական թեման էր ռուս-ուկրաինական հակամարտությունում Արևմուտքի և Ռուսաստան-Չինաստան դաշինքի միջև ուժերի հավասարակշռությունը, սակայն մասնակիցները չէին կարողացել համաձայնեցնել համատեղ կոմյունիկե:

tert.am