Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան
(last modified Fri, 03 Mar 2023 14:09:20 GMT )
Մարտ 03, 2023 17:39 Asia/Tehran
  • Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան:

Այցը սպասվում է հաջորդ շաբաթ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Բոնոյի՝ տարածաշրջանային 3 երկրներ այցերը կլինեն կանոնավոր:

«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Ինչպես արդեն նշեցի, իր այցի ընթացքում նա կայցելի բոլոր երեք երկրները՝ Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այդ հերթականությամբ»,-ասել է Փրայսը:

Նա հավելել է,որ հույս ունեն՝ այս այցը տարածաշրջան Բոնոյին հնարավորություն կտա շարունակել երկխոսությունը, որը եղել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

«Մենք ոգևորված ենք խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցության համար Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով: Պարոն Բոնոն էլ հուսով է, որ այդ առաջընթացը շարունակվում է: Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն» - ասել է ամերիկացի դիվանագետը։

tert.am

Պիտակ