Ուրսուլա ֆոն դեր Լյայենին առաջարկել են գլխավորել ՆԱՏՕ-ն. The Sun
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հավակնում է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին, տեղեկացրել է The Sun-ը։
Նրա լիազորությունները Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ավարտվում են հաջորդ տարի, բայց դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրներ նրան առաջարկել են գլխավորել դաշինքն այս տարվա հոկտեմբերին։
Նշվել է, որ ֆոն դեր Լյայենը պետք է հաղթահարի ընտրության ոչ թափանցիկ գործընթացը, եւ այդ քայլը, հավանաբար, կզայրացնի եվրաթերահավատներին։
Ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը պետք է պաշտոնը թողնի այս տարվա վերջին. նրա ժամկետը երկարացվել է Ուկրաինայում հակամարտության պատճառով։
Պաշտոնական ընտրություններ չեն անցկացվում, եւ Հյուսիսային դաշինքն ընտրում է նոր ղեկավարին մասնավոր կարգով, կոնսենսուսի հիման վրա։
Ամերիկացիները սովորաբար թեկնածու չեն առաջադրում, քանի որ ԱՄՆ գեներալն ավանդաբար կատարում է Եվրոպայում դաշնակցային զորքերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները։ Սակայն Սպիտակ տունը մեծ ազդեցություն ունի այն հարցում, թե ով կստանա այդ պաշտոնը։
Բրիտանական աղբյուրներըը տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, վետո կդնի ֆոն դեր Լյայենի թեկնածության վրա՝ ակնարկելով նրա գործունեությունը Գերմանիայի զինված ուժերի ղեկավարությունում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը եւս հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Եթե Ուոլեսն ընտրվի, նա կլինի վերջին 20 տարիների ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղարը Մեծ Բրիտանիայից։ Ենթադրվում է, որ վարչապետ Ռիշի Սունակը պաշտոնապես աջակցում է նրա թեկնածությանը։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը եւս առաջադրվել է այդ պաշտոնին, բայց, ինչպես ասում են, նա բացառել է իր թեկնածությունը, քանի որ պայքարում է Ռուսաստանի սպառնալիքի դեմ սեփական սահմանների մոտ։
Կանադայի ֆինանսների նախարար Խրիստյա Ֆրիլանդը եւս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավակնորդներից է։ Բայց ՆԱՏՕ-ի աղբյուրը ենթադրել է, որ նա հազիվ թե ստանա այդ պաշտոնն այն պատճառով, որ Կանադան չի կատարում ՆԱՏՕ-ի երկրների՝ ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանությանը հատկացնելու խնդիրը։
news.am