Սի Ցզինպինը շեշտել է իրական ռազմական գործողությունների նախապատրաստությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը
Չինաստանի նախագահը Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի զինվորականներին մատնանշել է իրական մարտական գործողությունների նախապատրաստական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ նա նման հանձնարարական է տվել չորեքշաբթի օրը երկրի հարավային Գուանդուն նահանգում բանակի մարտական հրամանատարության հարավային գոտու ստուգման ժամանակ։
«Անհրաժեշտ է ուժեղացնել պատրաստվածությունը իրական մարտերի համար, հավատարիմ մնալ մարտերին ուղղված վարժանքներին», - ասել է Սի Ցզինպինը։ Նա նաև նշել է ռազմական հարցերի ոլորտում հետազոտությունների խորացման և մարտավարության ու պատրաստության մեթոդների արդիականացման կարևորությունը։
Չինաստանի ղեկավարն ասել է, որ բանակը պետք է «բարելավի բարդ իրավիճակներին ժամանակին և պատշաճ կերպով արձագանքելու կարողությունը» և «վճռականորեն պաշտպանի Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը, իրավունքները և շահերը ծովում»: Բացի այդ, նա նշել է, որ չինացի զինվորականները պետք է ձգտեն պահպանել ընդհանուր կայունությունը շրջակա տարածքներում։