Պեկին. Թայվանի նեղուցի երկու կողմերը պատկանում են Չինաստանին
Չինաստանի ԱԳ նախարար Չին Գանգն ուրբաթ օրը հայտարարել է, որ Պեկինի ինքնիշխանությունը տարածվում է Թայվանի նեղուցի երկու կողմերի վրա:
Շանհայում կայացած Լանտինգի ֆորումում ունեցած ելույթում, Չին Գանգը հայտարարել է. «Վերջերս դատարկ հայտարարություններ են հնչում այն մասին, որ Չինաստանը մտադիր է փոխել իրավիճակը Թայվանի նեղուցում և խախտել նեղուցի խաղաղությունն ու կայունությունը։ Այս տրամաբանությունն անհեթեթ է և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ»
Երեքշաբթի օրը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտարարել էր, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին խնդիրն է: Նա հավելել էր. «Աշխարհում կա միայն մեկ երկիր, որը հայտնի է որպես Չինաստան, և Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Չինաստանի կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ղեկավարում է ողջ երկիրը։ Սա նշանակում է, որ մեկ Չինաստան սկզբունքը Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության բանալին է»:
Պեկինին դիմակայելու և տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու նպատակով ԱՄՆ-ն վերջերս սկսել է զինել Թայվանին, ինչը զայրացրել է Չինաստանի իշխանություններին։