Ֆրանսիայում անկարգությունները վերահսկելու համար ներգրավվել է ավելի քան 40 հազար ոստիկան
(last modified Sat, 01 Jul 2023 06:18:22 GMT )
Հուլիս 01, 2023 09:48 Asia/Tehran

Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրամանով, երկրի փողոցներում բողոքի ցույցերը վերահսկելու նպատակով, ներգրավվել են 45 հազար ոստիկանական ուժեր:

Բողոքի ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ հունիսի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, ոստիկանը կրակելով սպանեց 17-ամյա  Նահելին: 
Զայրացած ցուցարարները հրկիզել են կառավարական շենքերն ու մեքենաները: Անկարգությունները տարածվել են Ֆրանսիայի այլ քաղաքներում և շրջաններում։
Ուրբաթ օրը, դիմելով հրշեջներին և ոստիկաններին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարոնինը նշել է. «Հաջորդ ժամերը վճռորոշ կլինեն, և ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեր անբասիր ջանքերին»: 
Տեղական իշխանություններին խնդրելով երկրի ողջ տարածքում 21:00-ից դադարեցնել ավտոբուսների և տրամվայի երթևեկությունը, Դարոնինը հայտարարել է, որ ուրբաթ երեկոյան  երկրի փողոցներում տեղակայվել է 45 հազար ոստիկան:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնն ուրբաթ օրը հայտարարել է, որ ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո ծայր առած բողոքի ալիքի և անկարգությունների պատճառով, որոնք շարունակվում են արեն երեք օր,  փողոցներում «լրացուցիչ ուժեր» կտեղակայվեն  ժանդարմերիայի պատկանող մեքենաների հետ միասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադառնալով իրավիճակին, ուրբաթ օրը կայացած արտահերթ հանդիպումից հետո հայտարարել է, որ  անկարգությունների վերահսկման նպատակով կներգրավվեն ավելի մեծ թվով անվտանգության ուժեր, և քայլեր  կձեռնարկվեն սոցիալական ցանցերում հրահրող գրառումները հեռացնելու ուղղությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում, միջոցներ կձեռնարկվեն բռնություն կիրառողների և թալանչիների նկատմամբ: 
Սոցցանցերում տարածված մի քանի տեսանյութերում երևում է, որ Լիոն քաղաքի Դոխեր շրջանում ցուցարարներից մի քանիսը կրակում են Կալաշնիկովից: Ստրասբուրգում ցուցարարները գրոհել են Apple-ի խանութը և թալանել հագուստի և կոշիկի մի քանի խանութներ: Սենտ Էտյենի կենտրոնում մի քանի հարյուր երիտասարդներ քարերով կամ մետաղական իրերով կոտրել են խանութների ցուցափեղկերը և թալանել դրանք: Մեց քաղաքում ցուցարարներն այրել են քաղաքային գրադարանը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը  հայտարարել է, որ հարձակման են ենթարկվել 79 ոստիկանական բաժանմունքներ, ինչպես նաև 119 հասարակական շենք, այդ թվում՝ 34 քաղաքապետարան և 28 դպրոց։
Ըստ այս հաղորդման՝   հինգշաբթի գիշերը Ֆրանսիայի փողոցներում տեղակայված 40 հազար  անվտանգության ուժերից 200-ը վիրավորվել են, և ավելի քան 900 մարդ՝ միջին տարիքը 17 տարեկան, ձերբակալվել է: