Մոսկվան Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը
https://parstoday.ir/hy/news/world-i202550-Մոսկվան_Ադրբեջանին_կոչ_է_անում_ապաշրջափակել_Լաչինի_միջանցքը
Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2023 14:26 Asia/Tehran
  • Մոսկվան Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ըստ առկա տեղեկատվության՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ցավով ստիպված ենք արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների», - ասել է Զախարովան՝ շեշտելով, որ դա հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագրերին։

Զախարովան նաև Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

«Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժը՝ քաղաքացիական նպատակներով», - նշել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ ՌԴ խաղաղապահների գործողությունները Ղարաբաղում պայմանավորված կլինեն տեղում իրավիճակի զարգացմամբ և եռակողմ պայմանավորվածություններով։

Դիվանագետի պնդմամբ՝ Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։

«Այդ շփումները շարունակվում են քաղաքական մակարդակով, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։ Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և պատրաստակամությունից՝ ընդառաջ գնալու միմյանց։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նաև նշել է, որ մոտ ապագայում տարածաշրջան կարող է այցելել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։