Միանգամայն անպատասխանատու ենք գնահատում խաղաղապահ զորախմբի դուրսբերման պահանջները. Կարասինը՝ ադրբեջանցի պատգամավորին
https://parstoday.ir/hy/news/world-i203186-Միանգամայն_անպատասխանատու_ենք_գնահատում_խաղաղապահ_զորախմբի_դուրսբերման_պահանջները._Կարասինը_ադրբեջանցի_պատգամավորին
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն արձագանքել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի «ոչ բարեկամական հայտարարություններին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2023 12:47 Asia/Tehran
  • Միանգամայն անպատասխանատու ենք գնահատում խաղաղապահ զորախմբի դուրսբերման պահանջները. Կարասինը՝ ադրբեջանցի պատգամավորին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն արձագանքել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի «ոչ բարեկամական հայտարարություններին»։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարությունը՝  ադրբեջանցի պատգամավորը պնդել էր, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և շահագրգռված է շարունակել արյունալի հակամարտությունը ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև»։

«Ադրբեջանցի խորհրդարանականը Ռուսաստանն անվանել է «անվստահելի ու արյունարբու»  երկիր և պահանջել դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը:

Հուսով եմ, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կարևոր կլիներ դրանց գնահատական տալ նաև  Ադրբեջանի խորհրդարանում։

Պատգամավորին հիշեցնեմ, որ ԼՂ հիմնախնդրի բոլոր փուլերում, մեծապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հասնել փոխզիջումների։ 2020 թվականի աշնանը նախագահ Վլադիմիր Պուտինը դադարեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում. Մոսկվայի մասնակցությամբ մշակվել են ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններ, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայված ռուս խաղաղապահները խաղաղություն են հաստատել Ղարաբաղում՝ օգնելով լուծել առաջնահերթ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ բերեմ՝ 2020 թվականի նոյեմբերից զորախումբը մաքրել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում՝ գրեթե 700 կմ ճանապարհ։ Մեր խաղաղապահները Ղարաբաղի հայերին և ադրբեջանցիներին հնարավորություն են տվել քննարկել խաղաղության օրակարգը։ Մենք միանգամայն անպատասխանատու ենք գնահատում ռուսական զորախմբի դուրսբերման պահանջները։

Ընդհանուր առմամբ, Գ. Հասանգուլիևի հայտարարությունը լիովին հակասում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ոգուն և բովանդակությանը և չի համապատասխանում Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակին, այդ թվում՝ խորհրդարանական գծով։

Մենք՝ Դաշնային խորհրդում, պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են կազմում», - թելեգրամյան ալիքում գրել է Կարասինը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ՌԴ ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարությանն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։

«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,- նշված է եղել ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Մինչդեռ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքել է, որ Եռակողմ հայտարարության և խաղաղության գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։

«ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, ներառյալ «Ղարաբաղի շրջանը» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am), ելույթներին։

Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

tert.am