Էրդողան․ Նախիջեւանը մեծ ներուժ ունի տնտեսության, տրանսպորտի եւ էներգետիկայի տեսանկյունից
Նախիջեւանը դեռեւս մեծ ներուժ ունի տնտեսության, տրանսպորտի եւ էներգետիկայի տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կասպից ծովով անցնող Արեւելք-Արեւմուտք միջազգային Կենտրոնական միջանցքի կարեւորությունը սկսել է ավելի լավ գիտակցվել մեր տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմների արդյունքում։ Այս առիթով Իգդիր-Նախիջեւան գազատարի նախագիծը, որի հիմքը մենք նոր ենք դրել, կնպաստի Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում մեր գործընկերության հետագա խորացմանը, ինչպես նաեւ կնպաստի Եվրոպայի էներգամատակարարման անվտանգությանը»,-ասել է Էրդողանը։
Հանդիպման ընթացքում Էրդողանն ու Ալիեւը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ Կարս-Նախիջեւան երկաթուղու կառուցման նախագծի վերաբերյալ մտադրությունների մասին արձանագրությունը»։
«Բացի Կարս-Նախիջեւան երկաթգծի նախագծից, ստորագրվել են նաեւ զանգվածային բնակարանաշինության եւ էլեկտրաէներգետիկայի մասին համաձայնագրեր։ Այսպիսով, մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու մեր հարաբերությունները տրանսպորտի, լոգիստիկայի եւ էներգետիկայի ոլորտներում»,-ասել է Էրդողանը։
news.am