Անհայտ դիպուկահարը լիբիական Սիրտում ԻՊ-ի պարագլուխների որս է սկսել
Անհայտ դիպուկահարը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխների որս է սկսել լիբիական Սիրտ քաղաքում: Այդ մասին տեղեկացրել է բելգիական Morgen թերթը:
«Հունվարի 13-ից 23-ի ընթացքում դիպուկահարը հետեւողականորեն վերացրել է ԻՊ-ի երեք տեղացի պարագլխի: Հունվարի 13-ին ոչնչացվել է սուդանցի Համադ Աբդել Հադին, հունվարի 19-ին` նրա իրավահաջորդը` Աբու Մուհամմեդ ալ Դերնավին, հունվարի 23-ին` ազդեցիկ դաշտային հրամանատար Աբդուլլահ Համադը», - տեղեկացնում է թերթը:
Պարբերականը վկայակոչում է տեղական աղբյուրներին, որոնք խոսում են դիպուկահարի մասնագիտական բարձր պատրաստվածության մասին. բոլոր ահաբեկիչները վերացվել են այնպիսի տարածքներում, որտեղ իրենց կատարելապես անվտանգ էին զգում, կրակոցներն առանձնացել են առավելագույն ճշգրտությամբ, ընդ որում փորձառու գրոհայինները չեն կարողացել պարզել, թե որտեղից է իրականացվում գնդակոծությունը: Ներկայումս Սիրտում, որը Լիբիայում ԻՊ-ի հենակետն է, գրոհայինները քաղաքը «սանրելու» լայնածավալ գործողություն են իրականացնում: Ներկայումս Սիրտում ԻՊ-ի մոտ 3 հազար գրոհային կա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: