Ղարիբաշվիլի. Վրաստանը խիստ հետաքրքրված է «Միջին միջանցք» նախագծով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում SPECA-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Ադրբեջանն անվանել է արժեքավոր հարևան և ռազմավարական գործընկեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրա, Վրաստանը հաջողությամբ համագործակցում է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ և ձգտում է էլ ավելի բազմազան դարձնել այդ համագործակցությունը։ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ SPECA-ն կարևոր հարթակ է տարանցման և լոգիստիկայի ոլորտում համագործակցության համար։
«Միջին միջանցք» նախագծի վերաբերյալ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է այս նախագծի իրագործմամբ։ «Մենք գտնվում ենք շատ գրավիչ աշխարհագրական տարածաշրջանում։ Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունները խաղաղության, կայունության և տնտեսական աճի համար։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել այս ոլորտում, Վրաստանի կառավարությունը ներդրումներ է կատարել տրանսպորտում և երկաթուղում, և մենք աշխատում ենք նոր հայեցակարգերի վրա։ Մենք աշխատում ենք մեր խողովակաշարի ներուժը զարգացնելու ուղղությամբ: Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացումը շատ կարևոր նախագիծ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Իմ կառավարությունը ներդրումներ է կատարում Արևելքի և Արևմուտքի միջև մայրուղու կառուցման համար, մենք ծրագրում ենք նոր օդանավակայան կառուցել Թբիլիսիում։ Մեր երկիրը երկար տարիներ վստահելի գործընկեր է էներգետիկ տարանցման ոլորտում։ Մենք նաև ապահովում ենք հում նավթի տեղափոխում Հարավային Կովկասով։ Մենք շահագրգռված ենք Կենտրոնական Ասիայի հետ համագործակցության խորացմամբ»։
Ղարիբաշվիլին անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ համագործակցությանը։ «Այս տարի Ադրբեջանի հետ մեր ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով և հասել 1,2 միլիարդ դոլարի, Կենտրոնական Ասիայի հետ մեր ապրանքաշրջանառությունը նախորդ տարի աճել է 50 տոկոսով, իսկ այս տարվա առաջին 10 ամիսներին այդ ցուցանիշը հասել է 1,4 միլիարդ դոլարի։ Մեր կառավարության նպատակն է աջակցել խաղաղությանը, կայունությանը և տնտեսական աճին։ Արտաքին քաղաքականության մեջ մենք պրագմատիկ մոտեցում ենք ընտրել։ Մեր տնտեսությունն անցյալ տարի աճել է 10 տոկոսով, այս տարի՝ 7 տոկոսով, ՀՆԱ-ն աճել է, արժեզրկումը՝ նվազել։ Մենք ընդլայնում ենք համագործակցությունը ԵՄ-ի հետ, ստորագրել ենք մի շարք փաստաթղթեր և ակնկալում ենք դեկտեմբերին ստանալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ»,- հավելել է Ղարիբաշվիլին։