Ռուս վերլուծաբան. ՆԱՏՕ-ն փորձում է տեղակայվել Հայաստանում
Ռուսաստանի «Ժամանակակից պետական զարգացման» ինստիտուտի տնօրենն անդրադարձել է Հայաստանում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությանը, նշելով, որ քանի դեռ Երևանը ՀԱՊԿ անդամ է, այս երկրում ամերիկյան ռազմաբազա չի կարող լինել։
«Կոլիբրի» վերլուծական կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությանը և դրա հետևանքներին, Դիմիտրի Սոլոնիկովն ասել է. «Ամերիկացիները Հայաստանի միջոցով իրենց շահերն են առաջ տանում։ Նրանք իրենց բոլոր քայլերն անում են կաշառքով։ Մասնավորապես, Հայաստանում կա մեկ մարդ, նկատի ունեմ վարչապետին, ով կատարում է ԱՄՆ-ի պատվերները և նրա միջոցով ԱՄՆ-ն իրականացնում է իր քաղաքականությունը այս ռազմավարական տարածաշրջանում»։
Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին Իրանի արձագանքին, Սոլոնիկովն ասել է. «Թեհրանը հավատարիմ կմնա խիստ քաղաքական գծի։ Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ ընդհանուր սահմանի պահպանմամբ»:
Նշենք, որ օրերս ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավար Գյունթեր Ֆլինգերն X սոցիալական ցանցի իր էջում Հայաստանին կոչ էր արել միանալ ՆԱՏՕ-ին:
Ֆլինգերը Հայաստանում ամերիկյան ռազմաբազաներ հիմնելու հնարավորության վերաբերյալ գրել էր. «ՆԱՏՕ-ի զինված ուժերը կարող են տեղակայվել Հայաստանում խաղաղապահ առաքելությունների և դիտորդների տեսքով»։
Հատկանշական է, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մեկը Հայաստանին դաշինքին միանալու հարցով չի դիմել։ Նա հավելել էր, որ Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունը դաշինքի հետ։