Ադրբեջանի փոխարտգործնախարարը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել»
https://parstoday.ir/hy/news/world-i211038-Ադրբեջանի_փոխարտգործնախարարը_Ֆրանսիային_կոչ_է_արել_Հայաստանին_նոր_պատերազմի_չդրդել
Ադրբեջանցի դիվանագետը խոսում է ինչ-որ «հարձակողական սպառազինության» մասին, ինչն իրականությանը չի համապատասխանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 14:30 Asia/Tehran
  • Ադրբեջանի փոխարտգործնախարարը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել»

Ադրբեջանցի դիվանագետը խոսում է ինչ-որ «հարձակողական սպառազինության» մասին, ինչն իրականությանը չի համապատասխանում։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Կոլումբիայի «NTN24» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին Անդրկովկասում նոր պատերազմի չդրդել»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ սոցցանցերում և Telegram-ալիքներում հայտնվել էին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների լուսանկարները, որոնք, ըստ հրապարակումների, Վրաստանի տարածքով ուղևորվում էին Հայաստան: Վերջին տվյալներով՝ Ֆրանսիան մտադիր է Հայաստանին ընդհանուր առմամբ 50 զրահամեքենա մատակարարել։

«Հայաստանին պաշտպանական և հարձակողական սպառազինություն մատակարարող Ֆրանսիայի գործողությունները չեն նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք Ֆրանսիային կոչ ենք անում զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և Հայաստանին նոր պատերազմի չդրդել»,-հայտարարել է Մամեդովը։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի մասին՝ ադրբեջանցի դիվանագետն այն անվանել է «տեղային հակաահաբեկչական միջոցառում», որն ուղղված է եղել «բացառապես անջատողականների անօրինական զինված կազմավորումների դեմ»։

Նշենք, որ Ադրբեջանի «տեղային» գործողության արդյունքը եղավ հայ բնակչության զանգվածային տեղահանումը իր հայրենիքից, որտեղ նրանք ապրել են հազարամյակներ շարունակ: