ՌԴ-ն ակնկալում է` Արևմուտքը կհրաժարվի Իրանի նկատմամբ սահմանափակումների քաղաքականությունից
https://parstoday.ir/hy/news/world-i211042-ՌԴ_ն_ակնկալում_է_Արևմուտքը_կհրաժարվի_Իրանի_նկատմամբ_սահմանափակումների_քաղաքականությունից
Ռուսաստանն ակնկալում է, որ արևմտյան երկրները որքան հնարավոր է շուտ կհրաժարվեն Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակումների իրենց քաղաքականությունից։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում այս հայտարարությունն է արել կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 14:36 Asia/Tehran
  • ՌԴ-ն ակնկալում է` Արևմուտքը կհրաժարվի Իրանի նկատմամբ սահմանափակումների քաղաքականությունից

Ռուսաստանն ակնկալում է, որ արևմտյան երկրները որքան հնարավոր է շուտ կհրաժարվեն Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակումների իրենց քաղաքականությունից։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում այս հայտարարությունն է արել կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Ցանկացած այլ սցենար հարցականի տակ է դնում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարք») հեռանկարները և հանգեցնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ սրման՝ շատ հավանական կործանարար հետևանքներով Մերձավոր Արևելքում առանց այդ էլ լարված իրավիճակի համար», - ասել է Նեբենզյան:

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարմանը միայն այն դեպքում, եթե Արևմուտքն ընդառաջի նրան:

«Չպետք է մոռանալ, որ Իրանի վերադարձը միջուկային էներգետիկ ծրագրի սահմանափակման վերաբերյալ իր կողմից դադարեցված կամավոր պարտավորությունների կատարմանը կարող է իրականացվել բացառապես գործարքի արևմտյան մասնակիցների ու ԱՄՆ-ի համաժամանակյա պատասխան քայլերի դեպքում», - ասել է նա` հավելելով, որ հենց ԱՄՆ–ի գործողություններն են հանգեցրել ներկա իրավիճակին։

ՌԴ մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև որևէ մատակարարում, որը կխախտեր 2231 բանաձևի դրույթները (ԳՀՀԾ ստեղծման մասին), չի եղել և չէր կարող լինել:

ՄԱԿ-ի ԱԽ–ում Արևմուտքի ներկայացուցիչները պարբերաբար մեղադրում են Ռուսաստանին և Իրանին, որ Թեհրանը Մոսկվային անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ուկրաինայում կիրառելու համար:

«Փաստ է, որ հրթիռային դրույթների խախտումների մասին կեղծիքները հաստատելու համար համոզիչ փաստարկներ այդպես էլ չեն ներկայացվել։ ՄԱԿ-ի ԱԽ-ում տարածված բոլոր նամակները հանգում էին որոշակի սպեկուլյատիվ դատողությունների, կասկածների և ըմբռնումների», - ասել է Նեբենզյան։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն մերժել էր իր միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի անհրաժեշտությունը՝ պարզաբանելով, որ նման գաղափարները առաջ են մղում նրանք, ովքեր տատանվում են իրենց պարտավորությունների կատարման հարցում, չեն կատարում և փորձում են խուսափել այդ պարտավորություններից։