ԱԳՆ–ն կարևորում է միջազգային հանրության կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստագրումը
https://parstoday.ir/hy/news/world-i211080-ԱԳՆ_ն_կարևորում_է_միջազգային_հանրության_կողմից_հայկական_ժառանգության_ոչնչացման_փաստագրումը
Հաղորդագրությունն անդրադառնում է հայկական սրբավայրերի, գերեզմանատների ոչնչացման, «աղվանացման» զեղծարարության, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթով տարածվող կեղծ օրակարգին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 07:52 Asia/Tehran
  • ԱԳՆ–ն կարևորում է միջազգային հանրության կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստագրումը

Հաղորդագրությունն անդրադառնում է հայկական սրբավայրերի, գերեզմանատների ոչնչացման, «աղվանացման» զեղծարարության, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթով տարածվող կեղծ օրակարգին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարևորում է մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողի հաղորդագրություն-հարցումը Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման մեկնաբանություն է տվել Aysor.am-ի հարցմանն ի պատասխան։

«Մենք կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից այս իրողությունների փաստագրումը, ինչն առաջնային նշանակություն ունի նմանօրինակ ոճրագործությունների կանխման և տարածաշրջանում երկխոսության ու կայուն խաղաղության մթնոլորտի հաստատման համար»,–հայտնել են ԱԳՆ–ից։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև ժողովրդի, հուշարձանների և խորհրդանիշների թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին:

«Հաղորդագրությունն անդրադառնում է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի վճռին, ներկայացվում է սրբավայրերի, գերեզմանատների ոչնչացման, «աղվանացման» զեղծարարության, հակագիտական մոտեցումների, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթով տարածվող կեղծ օրակարգի, հայերի նկատմամբ ատելության խոսքի, սեպտեմբերի 19-ի հարձակման և էթնիկ զտման, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների մասին տեղեկատվությանը»,–մեկնաբանել է ԱԳՆ–ն:

Նշվում է, որ ՄԱԿ հատուկ զեկուցողները բազմիցս անդրադարձել են Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների խախտումներին, հայկական ժառանգության ոչնչացման ու խեղման դեպքերին:

Ընդգծվում է, որ ցավոք, նույնիսկ արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը չի կանգնեցրել հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը:

Sputnik.