Իլոն Մասկը լրտեսական արբանյակներ է կառուցում ԱՄՆ-ի համար
Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հայտնել է, որ X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) սեփականատեր՝ Իլոն Մասկը ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունների համար հարյուրավոր լրտեսական արբանյակներ է կառուցում։
Իլոն Մասկի SpaceX ընկերությունը գաղտնի պայմանագիր է կնքել ԱՄՆ Ազգային հետախուզության գրասենյակի հետ, այս մասին Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։
SpaceX-ը Falcon 9 հրթիռակրով, այլ արբանյակների հետ արձակել է «Starshield» լրտեսական արբանյակների նախնական տեսակները։
Ըստ աղբյուրի՝ Starshield արբանյակներն աշխատում են Երկրի ցածր ուղեծրերում և ունեն Երկիրը պատկերելու հնարավորություն։
Փետրվարին The Wall Street Journal-ը նաև հայտնել է, որ SpaceX-ը 1,8 միլիարդ դոլարի գաղտնի պայմանագիր է կնքել չբացահայտված հետախուզական գործակալության հետ, սակայն ծրագրի մասին այլ մանրամասներ չի հրապարակել: