Սի Ծինփինը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Ռուսաստանը և Չինաստանը մտել են խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության նոր ուղի, ինչը կառուցողական դեր է խաղացել միջազգային արդարության ապահովման գործում։
Այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը։
Զրույցի սկզբում Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի նախարարին խնդրել է «ողջույնի անկեղծ խոսք փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։
«Այս տարի Չինաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը: Այդ տարիների ընթացքում մեր երկրները մտել են երկու խոշոր հարևան տերությունների միջև խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության նոր ուղի, որը ոչ միայն շոշափելի օգուտներ է բերել երկու երկրներին և նրանց ժողովուրդներին, այլև խաղացել է կառուցողական դեր միջազգային արդարության ապահովման գործում», - Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է Լավրովի կատարած աշխատանքը ռուս-չինական հարաբերությունների խթանման ուղղությամբ»:
Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում։ Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024-ին պետական այցով Չինաստան կմեկնի, ապրիլի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։