Ապրիլ 23, 2024 16:47 Asia/Tehran
  • Ալիև. Կա ընդհանուր ըմբռնում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը

Բաքուն և Երևանը ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային համաժողովում։

Ադրբեջանի նախագահի վկայությամբ, «մենք ավելի մոտ ենք խնդրի լուծմանը, քան երբևէ»։ «Օկուպացիայի ժամանակ մենք շատ հեռու էինք սրանից։ Այն ժամանակ մենք նույնիսկ չկարողացանք պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Ալիևը։

«Հիշեցնելով, որ այն ժամանակ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, պետության ղեկավարն ասել է, որ այդ պահին նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չկար։ Իսկ հիմա այն կա»,- մեջբերում է լրատվամիջոցը։

«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Պարզապես պետք է մանրամասները մշակենք: Սակայն, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հավելել է Ալիեւը։

Ապագա համաձայնագրի անկյունաքարը «օկուպացիայից հրաժարվելն է»։ Ավելի վաղ Բաքուն հրաժարվում էր ընդունել  հայկական հողի բազմաթիվ հեկտարների՝ սահմանամերձ գյուղերի վարչական տարածքների օկուպացման փաստը։ Էլ ավելի վաղ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանը չի լքի 2020 թվականից հետո զավթած Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Այսպիսով, ադրբեջանական իշխանությունների տրամաբանությամբ, ստացվում է, որ խոսքը միայն հայկական կողմից միակողմանի զիջումների մասին է, ինչով էլ պայմանավորված են Ադրբեջանի նախագահի լավատեսական գնահատականները։