Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այրվում է Լիխտերֆելդի շրջանում գտնվող Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանը: Այս մասին հայտնել է Berliner Morgenpost թերթը։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով առաջացած թունավոր ծուխը կարող է վտանգավոր լինել։
Բեռլինի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ դեպքի վայրում աշխատում է մոտ 100 փրկարար: Ըստ տեղեկությունների՝ այդ թիվը հասել է 170-ի: Այժմ շենքի բոլոր չորս հարկերը կրակի մեջ են։ Ձեռնարկությունում պահվում էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու, ինչի պատճառով թունավոր ծխի տարածման վտանգ կա։
Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել շրջանցել այն տարածքը, որտեղ այրվում է գործարանը, փակել տների պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակիչները: Հրշեջ ծառայության տվյալներով ՝ ծխի ամպը շարժվում է դեպի հյուսիս։
Նշվում է, որ շենքի սրահների մի մասը փլուզվել է, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բոլորն ինքնուրույն լքել են գործարանը։