Վրաստանի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքը
Քվեարկությունն ընթացել է լարված մթնոլորտում։ Փողոցում բողոքի ցույցեր և ձերբակալություններ էին տեղի ունենում։
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում և խորհրդարանում ծեծկռտուքի առիթ էր դարձել։
Կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը (ընդդիմության ներկայացուցիչներ):
Օրինագծի քննարկումը վերջնական ընթերցմամբ շատ բուռն է ընթացել։ Ծեծկռտուք է տեղի ունեցել մեծամասնության և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» պատգամավորների միջև, ինչի պատճառով խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին տեխնիկական ընդմիջում է հայտարարել: Քվեարկության ֆոնին խորհրդարանի դիմաց ձերբակալություններ տեղի են ունեցել։
Քննարկումն անցկացվել է բողոքի ցույցերի, ինչպես նաև իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքի ֆոնին․ ընդդիմությունը դեմ է օրենքին։ Խորհրդարանի մոտ հերթական անգամ հավաքվել են ակցիայի մասնակիցները՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը:
Ընդ որում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրինագծի վրա: Սակայն խորհրդարանը հնարավորություն ունի այն շրջանցել։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից: Երբ Վրաստանի նախագահը վետո կդնի օրենքի վրա, պատգամավորները 4 շաբաթ անց կկարողանան հաղթահարել այն։