Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ նախագահը դավաճանել է հայրենիքին
(last modified Sun, 26 May 2024 12:37:23 GMT )
Մայիս 26, 2024 16:07 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ նախագահը դավաճանել է հայրենիքին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով Անկախության օրվա առթիվ, հայտարարել է, որ երկիրը կարողացել է պահպանել խաղաղությունը՝ չնայած որոշ քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից դավաճանությանը:

Մայիսի 26-ին Վրաստանը նշում է Անկախության օրը։

«Մենք 90-ականների սկզբին երեք պատերազմ ենք վերապրել։ 2004-2012 թվականներին մենք փաստացի կորցրեցինք անկախությունը, բախվեցինք ավտորիտարիզմի, գործակալական կառավարման և չորրորդ պատերազմի հետ։ Հասարակության անփորձությունն ու քաղաքական գործիչների դավաճանությունը մեր երկրի տարածքի 20 տոկոսի ժամանակավոր կորստի են հանգեցրել»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն նշել է, որ 2012 թվականից ի վեր Վրաստանը բախվել է իր ինքնիշխանությունն ու անկախությունը խարխլելու բազմաթիվ փորձերի, հատկապես` վերջին չորս տարվա ընթացքում: Սակայն, նրա կարծիքով, վրացական հասարակությունը շատ ավելի հասուն է դարձել, իսկ ներկայիս կառավարությունը ամուր կանգնած է երկրի ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության համար:

Նրա խոսքով` հենց այդ գործոնները՝ միասնությունը, ժողովրդի և նրա ընտրած կառավարության խելամիտ քայլերն են թույլ տվել երկրում խաղաղություն պահպանել վերջին երկու տարվա ընթացքում՝ չնայած գոյաբանական սպառնալիքներին և բազմաթիվ դավաճանություններին, այդ թվում՝ «Վրաստանի նախագահի դավաճանությանը»: