Մայիս 29, 2024 17:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։ Այս կին քաղաքական գործիչը բազմաթիվ տարաձայնություններ ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այդ երկրի խորհրդարանի  150 պատգամավորներից առնվազն 76-ը պետք է համաձայնեն չեղարկել նախագահի վետոն։ «Վրացական  երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 84 մանդատ։

«Օտարերկրյա գործակալների» օրենքի համաձայն՝ ոչ կառավարական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք իրենց բյուջեի 20%-ից ավելին ստանում են արտերկրից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ, քանի որ ներկայացնում և պաշտպանում են մեկ կամ մի քանի օտարերկրյա պետությունների շահերը։

Իրավասու կազմակերպություններից կպահանջվի գրանցվել որպես ներկայացուցիչներ և ներկայացնել տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Յուրաքանչյուրի խախտման դեպքում վերջինս կտուգանվի 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով։ Օտարերկրյա գործակալների մասին օրենք մշակողների նպատակն է կանխել երկրի ԶԼՄ-ների և քաղաքական ինստիտուտների վրա անվերահսկելի օտարերկրա ազդեցությունը և քաղաքացիական հասարակության շրջանում բացասական ազդեցությունը։

Այս բանաձևի ընդդիմախոսները և Վրաստանի նախագահի կողմնակիցները օտարերկրյա գործակալների օրենքը ներկայացնում են որպես «ռուսական օրենք» և համոզված են, որ այս օրենքը Վրաստանում հաստատվել է Մոսկվայի հանձնարարությամբ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկությամբ նպատակ ունենալով  կանխել Արևմուտքի  ազդեցությունը այդ երկրում։

Արեւմտյան իշխանությունները չեն ցանկանում, որ Վրաստանում հաստատվի եւ կիրառվի օտարերկրյա գործակալների ազդեցության թափանցիկության մասին օրենքը։ Սա այն դեպքում, երբ արեւմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ավելի վաղ հաստատել եւ կիրառել են այս օրենքը։ ԱՄՆ-ն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը 1983 թվականին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանի խորհրդարանում հաստատված օրենքն ամբողջությամբ  պատճենված է Ամերիկայի նմանատիպ օրենքից։ Այս իրավիճակում խորհելու տեղիք է տալիս այն փաստը,որ արևմտյան կառավարությունները ինչ-որ օրենք են ընդունում իրենց երկրներում, բայց այլ երկրներում դրա ընդունման վերաբերյալ դժգոհություն են հայտնում։ 

Այս որոշման հակառակորդները և Վրաստանի նախագահի կողմնակիցները պնդում են, որ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խոչընդոտ կհանդիսանա Եվրամիությանը Վրաստանի հնարավոր անդամակցության համար, և հենց այդ պատճառով էլ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց այն օրինագծի վրա ,որն ընդունվել է խորհրդարանի կողմից:

Ավելի վաղ, արձագանքելով Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին»  օրենքի հաստատմանը, Վաշինգտոնը հայտարարեց, որ ձգտում է մի շարք սահմանափակումներ կիրառել այդ երկրի պաշտոնյաների նկատմամբ։

Այս կապակցությամբ  ԱՊՀ հարցերով Ռուսաստանի դաշնային գործակալության՝  Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար և ռուս հայտնի փորձագետ Եվգենի Պրիմակովը(կրտսեր) համոզված է,որ Վրաստանի արևմտամետ  ընդդիմությունը և հասարակական կազմակերպությունների աշխատավորներն ու աշխատակիցները պաշտպանում են ոչ թե «ժողովրդավարությունը», այլ իրենց արևմտյան տերերից գումարներ ստանալու իրենց իրավունքը։ Ընդ որում ոչ հարկային մարմինները, ոչ նրանց գործընկերները, ոչ Վրաստանի քաղաքացիները չգիտեն արտասահմանյան աղբյուրներից ստացվող գումարների մասին։

Ընդհանրապես պետք է ասել,որ Թբիլիսիի իշխանությունները, նույնիսկ արևմտյան հակումներով, պետք է գործնականում ցույց տան, որ բարձր են գնահատում և արժեւորում են իրենց երկրի քաղաքական անկախությունը և կարելի է նրանց համարել անկախ Վրաստանի ժողովրդի իրական ներկայացուցիչներ։