Իրանական նանո արտադրանքները նպաստում են Մալայզիայի գյուղատնտեսությանը
Մալայզիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարները, իրենց զարմանքը հայտնելով նանո ոլորտում Իրանի առաջընթացի կապակցությամբ, օրակարգ են մտցրել այդ ապրանքների ձեռքբերման հարցը։
Ըստ Parstoday-ի հաղորդման, Մալայզիայի գյուղատնտեսության նախարարության վարչության պետերի և Իրանի նանո և միկրոտեխնոլոգիաների զարգացման շտաբի տնօրենների միջև Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ նրանց ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում Իրանի նանո կարողությունները:
Թեմաներից մեկը, որը բարձր գնահատեց մալայզիական կողմը, նանոփրփուռների տեխնոլոգիան էր, որն օգտագործվում է ջերմոցային տնտեսության, ջրի մաքրման և ձկնաբուծության ոլորտներում:
Մալայզիական կողմի համար գրավիչ էին նաև Իրանի հնարավորությունները նանո փաթեթավորման ոլորտում, որը մեծացնում է սննդամթերքի, հատկապես սպիտակուցային արտադրանքի պահպանման ժամկետը։ Իրանական այս փաթեթավորումներն ամբողջությամբ առևտրայնացվել են և վերջին տարիներին սննդամթերքն ու բանջարեղենը շուկա են հանվել այս տեսակի փաթեթավորումներով։
Այս խմբի համար հետաքրքրություն ներկայացնող այլ տեխնոլոգիաների թվում էին իրանական նանոպարարտանյութերը։
Նշենք, որ Իրանը նանոտեխնոլոգիայի միջազգային ստանդարտների մշակման ոլորտում աշխարհում հինգերորդն է Ամերիկայից, Ճապոնիայից, Անգլիայից և Հարավային Կորեայից հետո։ Նանոտեխնոլոգիայով կիրառական հետազոտությունների ոլորտում նաև Իրանը գտնվում է աշխարհի 10 լավագույն երկրների շարքում։ Տեխնոլոգիաների և առևտրայնացված արտադրանքի բազմազանությունը այս առաջընթացի պատճառներից մեկն է։