Ղարաբաղն ու ՀՀ ժողովրդի զրկանքներով ձեռք բերած զենքը հանձնեցին, հիմա եկել են իշխանափոխություն անեն, որ Հայաստանն էլ հանձնեն ՀԱՊԿ-ին․ Փաշինյան
(last modified Thu, 13 Jun 2024 09:09:51 GMT )
Հունիս 13, 2024 12:39 Asia/Tehran
  • Ղարաբաղն ու ՀՀ ժողովրդի զրկանքներով ձեռք բերած զենքը հանձնեցին, հիմա եկել են իշխանափոխություն անեն, որ Հայաստանն էլ հանձնեն ՀԱՊԿ-ին․ Փաշինյան

Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում և մեզ մեղադրում դավաճանության մեջ, երկու ժամում հանձնվեցին։ Սրանք այն մարդիկ են, որոնք մեզ մեղադրում էին դավաճանության մեջ։ Այդ նույն մարդիկ հիմա 5 հազար դրամ են բաժանում, որ մարդկանց բերեն Բաղրամյան պողոտա։ Քիչ չի, որ երկու ժամում Արցախն հանձնեցին, Հայաստանի Հանրապետության ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանին»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հիմա նրանք եկել են Հայաստան և ուզում են այստեղ իշխանափոխություն անել, և ինչպես Լեռնային Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանը հանձնեն։ 

«Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային։ Դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված և ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ դուք ուղղակի անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, երբ ուզենա։ Ուզենա կանի, չի ուզենա՝ չի անի»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Պիտակ