Ողջունել են Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը
(last modified Sat, 22 Jun 2024 14:15:28 GMT )
Հունիս 22, 2024 17:45 Asia/Tehran
  • Ողջունել են Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

«Մահմեդականների համաշխարհային լիգայի» կազմակերպությունը (Muslim World League) ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։

«Մահմեդականների համաշխարհային լիգայի» կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամմադ բին Աբդուլ Քարիմ Ալ-Իսան այդ կազմակերպության քարտուղարության կողմից հրապարակված հայտարարության մեջ ընդգծել է. «Այս որոշումը և նմանատիպ այլ որոշումները վկայում են Պաղեստինի ժողովրդի տառապանքների և նրա ինքնորոշման իրավունքի և սեփական պետության ստեղծման վերաբերյալ գլոբալ գիտակցության փոփոխության մասին, ինչի ականատեսն ենք մենք այսօր»։

«Մահմեդականների համաշխարհային լիգայի» կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև բարձր է գնահատել բոլոր այն երկրների պատասխանատու և արժանապատիվ դիրքորոշումը, որոնք քայլ են կատարել այս կարևոր և արդար ճանապարհին, և աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ընդօրինակել այս արարքը և կանգնել սիրելի պաղեստինյան  ազգի մարդկային և օրինական իրավունքների կողմում:

Պաղեստինի «Ֆաթհ» ​​շարժման հեղափոխական խորհրդի անդամ Թիսիր Նասրալլան էլ ասել է, որ Հայաստանի կողմից Պաղեստինի անկախ պետության ճանաչումը հանգեցնում է Իսրայելի առավել մեկուսացմանը։

Նասրալլան ասել է, որ որոշ եվրոպական երկրներ դիտարկում են Պաղեստին պետությունը ճանաչելու հարցը և շուտով կհետևեն այն երկրների օրինակին, որոնք դա արել են։

Հայաստանը երեկ՝ ուրբաթ, հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստին պետությունը։ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան։