Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i2197-Մեծ_Բրիտանիան_մեղադրել_է_Ռուսաստանին_Սիրիայում_քաղաքացիական_պատերազմ_հրահրելու_մեջ
Սիրիայում Ռուսաստանի գործողությունները քաղաքացիական պատերազմ են հրահրում այդ երկրում: Նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 06:45 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ

Սիրիայում Ռուսաստանի գործողությունները քաղաքացիական պատերազմ են հրահրում այդ երկրում: Նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը՝ Reuters-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, Սիրիայում Ռուսաստանի գործողությունները գլխավոր խնդիրն են՝ ճգնաժամը կարգավորելուն ուղղված միջազգային ջանքերի համար: «Իմ մշտական հիասթափությունների աղբյուրն այն է, որ ռուսները խափանում են մեր բոլոր ջանքերը»,-ասել է Հոմոնդը:

«Ռուսներն ասում են՝ եկեք բանակցություններ վարենք, իսկ հետո բոլորն սկսում են խոսել, խոսել: Ու մինչ բոլորը խոսում են, նրանք շարունակում են ավիահարվածներ հասցնել եւ աջակցել Ասադին»,- ասել է նա:

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ համարում է, որ Սիրիայում ռուսների գործողությունները ամրապնդում են «Իսլամական պետության» դիրքերը: «Ռուսներն ասում են, որ ցանկանում են ոչնչացնել ԻՊ-ին, բայց նրանք ռմբակոծում են ոչ թե ԻՊ-ին, այլ չափավոր ընդդիմությանը»,-ասել է Համոնդը: Բացի այդ, նրա կարծիքով, Ռուսաստանի գործողությունները խորացնում են փախստականների խնդիրը, հաղորդում է РБК-ն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Իրանն ավելի մեծ օգուտ տա սիրիական ճգնաժամի կարգավորմանը, քան Ռուսաստանը, Համոնդը պատասխանել է. «Չեմ կարծում, որ նրանցից որեւէ մեկը կարող է օգտակար լինել խաղաղ գործընթացի համար»: «Ռուսներն ու իրանցիները աշխատում են սիրիական ռեժիմի հետ ձեռք-ձեռքի տված, եւ իրանցիները նույնպես սիրիական ռեժիմը պահպանելու հարցում ռուսների պես անզիջում են»,-ընդգծել է նա: