Թուրքիան հետամուտ է լինելու Իսրայելին պատասխանատվության ենթարկելուն. Էրդողան
(last modified Wed, 14 Aug 2024 15:09:15 GMT )
Օգոստոս 14, 2024 18:39 Asia/Tehran
  • Թուրքիան հետամուտ է լինելու Իսրայելին պատասխանատվության ենթարկելուն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ձգտելու է Իսրայելին պատասխանատվության ենթարկել Գազայի հատվածում կատարված հանցագործությունների համար: Այս մասին նա հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման 23-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ։

«Մենք դիմակայելու ենք տարածաշրջանը հրկիզելու Իսրայելի փորձերին։ Ցեղասպանություն իրականացնող Իսրայելը պատասխանատվության կենթարկվի», - ասել է Թուրքիայի առաջնորդը։

Էրդողանը նաև հայտնել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի օրը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի օրենսդիր մարմինն այդ օրը արտահերթ նիստ կհրավիրի՝ ի աջակցություն Պաղեստինի։

«Նա ամբողջ աշխարհին կհայտարարի հանուն ազատության Պաղեստինի պայքարի մասին։ Մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ Աբասը մեր խորհրդարանում ելույթ ունենալու նույնքան իրավունք ունի, որքան Նեթանյահուն՝ ԱՄՆ-ում», - ասել Է Էրդողանը։

Թուրքիայի իշխանությունները դատապարտել են հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթը և Աբասին հրավիրել օգոստոսի 15-ին ելույթ ունենալ իրենց խորհրդարանում: Աբասը օգոստոսի 14-ին երեկոյան երկօրյա այցով կժամանի Թուրքիա և նույն օրը կհանդիպի Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ Էրդողանը հաճախ է սուր քննադատությամբ հանդես գալիս Իսրայելի իշխանությունների հասցեին՝ Գազայի հատվածում նրանց գործողությունների պատճառով: Դրա հետ մեկտեղ Թուրքիայում նա քննադատության է ենթարկվում Իսրայելի հետ առևտուրը շարունակելու համար։

Իսրայելը Պաղեստինի տարածքի ռմբակոծությունները սկսել է հոկտեմբերի 7-ին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումը հանգեցրել է գրեթե 2,3 միլիոն մարդու արտագաղթի, առաջացրել է սով, հողին հավասարեցրել անկլավի մեծ մասը և խլել ավելի քան 31 հազար մարդու կյանք: Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները և պնդում, որ իր թիրախը ՀԱՄԱՍ-ն է, այլ ոչ թե քաղաքացիական անձինք: