Թուրքմենստանում կայացել է «Կասպից ծով՝ փոխգործակցություն հանուն կայուն զարգացման» համաժողովը
Կասպից ծովի օրվան զուգահեռ, Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում, Իրանի դեսպանի ներկայությամբ, կայացել է «Կասպից ծով՝ փոխգործակցություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովը։
Iran Press-ի հաղորդմամբ՝ համաժողովի շրջանակներում քննարկվել են Կասպից ծովի բնապահպանական խնդիրները և քաղաքականության, տնտեսության, առևտրի, էկոլոգիայի, հումանիտար հարաբերությունների ոլորտներում դրա հետ կապված գործոններն, ինչպես նաև ափամերձ երկրների մերձեցման և համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ։
Թուրքմենստանում ԻԻՀ դեսպան Ալի Մոջթաբի Ռուզբահանին, համաժողովում ունեցած ելույթում ասել է․ «2003 թվականի օգոստոսի 11-ին Կասպից ծովի հինգ ափամերձ երկրները ստորագրեցին Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային կոնվենցիան, որը հայտնի է որպես Թեհրանի կոնվենցիա։ Իսկ 2006 թվականի օգոստոսի 12-ին կոնվենցիան ստորագրած երկրները պարտավորվեցին գործադրել այն և այս օրը նշել որպես բնապահպանության ոլորտում կարևոր իրադարձություն»։
Նշելով, որ Կասպից ծովն ընդհանուր ժառանգություն է, ափամերձ երկրների բարեկամության կենտրոնը և բարիքի աղբյուր ավելի քան 270 միլիոն մարդու համար, Ռուզբահանին հավելել է․ «Կասպից ծովի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի և Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների կապող օղակն է»:
Դեսպանը հավելել է․ «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության կոնվենցիայի հաստատումը, որպես Կասպից ծովում համագործակցության իրականացման առաջին քայլ, ընդգծում է շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը որպես այս ծովում ցանկացած տեսակի գործունեության կարևոր սկզբունք»։
Մոջթաբի Ռուզբահանին նշել է․ «Կասպից ծովի ջրի մակարդակի տատանումը կարևոր խնդիր է, որը լուծելու համար անհրաժեշտ է կոլեկտիվ համագործակցություն և կոնսենսուս, քանի որ ջրի մակարդակի նվազումը, բացի նավագնացության վրա բացասական ազդեցությունից, ազդում է նաև ափամերձ երկրների բնակիչների կենսապայմանների վրա»։
Նրա խոսքով․ «Մինչ այժմ ստորագրվել է չորս արձանագրություն՝ նավթային աղտոտման, ափի աղտոտման դեմ պայքարի, կենսաբազմազանության պաշտպանության և շրջակա միջավայրի անդրսահմանային հետևանքների գնահատման վերաբերյալ։ Այս արձանագրություններն անհրաժեշտ իրավական դաշտ են ապահովում Կասպից ծովում բնապահպանական գործունեության նպատակային վերահսկողության համար։ Եվս մեկ կարևոր բնապահպանական փաստաթղթի՝ Կասպից ծովում մոնիտորինգի, գնահատման և տեղեկատվության փոխանակման արձանագրության շուրջ ներկայումս ընթանում են բանակցություններ»։