Ադրբեջանի դեսպան. Ֆրանսիացի պաշտոնյաները չեն ասում՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է»
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան խոսել է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամի, Ադրբեջանի օգտին աշխատելու բարդությունների մասին, բողոքել Ֆրանսիայում հզոր հայ համայնքի գործոնից:
«Խնդիրն այն է, որ Ֆրանսիայի պաշտոնյաները, ֆրանսիական ԶԼՄ–ները չեն ասում՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»։ Կցանկանայինք լսել, որ Ֆրանսիան հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղն Ադրբեջանի մի մաս է։ Եթե ֆրանսիացի պաշտոնյաները սկսեն կիրառել այդ թեզը, դա կնստի մարդկանց ուղեղում և արտացոլումը կգտնի մեդիաներում»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Դեսպանը բողոքել է, թե Ֆրանսիայում բոլորը դեմ են Ադրբեջանին՝ և իշխանությունը, և ծայրահեղականները, և կենտրոնամետները։
«Այսօր Ֆրանսիայում և ծայրահեղ աջակողմկայնները, և ծայրահեղ ձախերը, և կենտրոնամետ ուժերը հայամետ են: Բոլորը դեմ են Ադրբեջանին։ Ցավոք»,–ասել է նա։
Աբդուլլաևան խոսել է Ֆրանսիայում «հայ համայնքի գործոնի կարևորության մասին, որը հասնում է մոտ 800,000–ի»։
«Նրանք ընտրելու իրավունք ունեն։ Զարմանալի չէ, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է ստանալ այդ քվեները, հաշվի է առնում հայ համայնքի շահերը»,–ասել է նա։
Ադրբեջանի դեսպանը բողոքել է, որ այստեղ նույնիսկ հարցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ իշխանության մասին չէ՝ նույն տեսակետներն ունի նաև ընդդիմությունը։
«Ֆրանսիայի քաղաքական շրջանակները, լինի դա իշխանություն թե ընդդիմություն, դեմ են տրամադրված Ադրբեջանին։ Եթե հավելենք մեդիաների արշավը, ապա դա կամա թե ակամա ազդում է հանրության շրջանում Ադրբեջանի մասին բացասական կարծիքի ձևավորման վրա»,–ասել է նա։