Չինաստան. ԱՄՆ-ն ամենամեծ միջուկային սպառնալիքն է աշխարհում
Չինաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ամենամեծ սպառնալիքն է աշխարհի համար, երբ խոսքը վերաբերում է հնարավոր միջուկային հակամարտությանը:
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Պեկինը մեղադրել է Վաշինգտոնի պաշտոնյաներին անպատասխանատու որոշումներ կայացնելու մեջ՝ նպատակ ունենալով պահպանել ԱՄՆ գերիշխանությունը՝ հատկապես միջուկային զինանոցով միջազգային հանրությանը վախեցնելու միջոցով։
Չժան Սյաոգանգն այս հայտարարությունն արել է ի պատասխան Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ուժերն ամրապնդելու Պենտագոնի որոշման։
Վերջերս ճապոնացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարեց, որ այդ փոփոխությունը «վերջին 70 տարիների ընթացքում Տոկիոյի և Վաշինգտոնի միջև ռազմական հարաբերությունների ամենաուժեղ զարգացումներից է»: Նա խոստացավ, որ ԱՄՆ-ն իր ողջ ուժով այդ թվում՝ միջուկային զենքով կպաշտպանի Ճապխոնիային։
Չինաստանի ՊՆ խոսնակն այդ կապակցությամբ ասել է․ «Նման քայլերը ոչ միայն հակամարտության պատճառ կդառնան, այլև կթուլացնեն տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը»:
Նա նշել է․ «ԱՄՆ-ն ամենամեծ միջուկային սպառնալիքն է աշխարհի համար, քանի որ ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը և որդեգրել է մի քաղաքականություն, որը թույլ է տվել Վաշինգտոնին առաջին անգամ օգտագործել այդ զենքը։ Ճապոնիայում ԱՄՆ-ի վերջին գործողությունները միայն խորացնում են լարվածությունը և մեծացնում տարածաշրջանում միջուկային զենքի տարածման և հակամարտությունների վտանգը»: