ԵԱՏՄ երկրները բեռնատարների չափորոշիչների մասին համաձայնագիր կստորագրեն. ի՞նչ կտա դա
2024 թվականի վերջին ԵԱՏՄ երկրները համաձայնագիր կստորագրեն եվրասիական տրանսպորտային միջանցքի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտի պարամետրերի մասին։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարությունը։
Միասնական ստանդարտների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ երկրներում գործում են տարբեր նորմեր, ինչը հանգեցնում է սահմանված չափորոշիչները գերազանցելու համար տուգանքների կիրառմանը՝ դժվարություններ ստեղծելով փոխադրողների համար։
Եվրասիական «հնգյակի» պետություններն արդեն ավարտել են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են բեռնատարների թույլատրելի զանգվածների, առանցքային բեռնվածքների և չափսերի մասին փաստաթղթի ստորագրման համար: Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի այս տարվա 4-րդ եռամսյակում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով խոշորագույն տնտեսական միավորումներից է։