Ի՞նչ է կատարվում «Զանգեզուրում»
«Դոնյայե էղթեսադ» իրանական թերթը հրապարակել է «Ի՞նչ է կատարվում «Զանգեզուրում»» վերնագրով հոդվածը, որում անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին» ՌԴ աջակցությանը, հոդվածագիրը նշում է․ «2020թ․ պատերազմից հետո, հատկապես Հայաստանի թուլացած պայմաններում, Թուրքիան ու Ադրբեջանը կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել առաջին քայլը և հանգեցնել ՀՀ ռտարածքի մի մասի բռնակցմանը։ Միջանցքը գործարկմամբ կիրականանա Թուրքիան Կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհին միացնելու երազանքը»։
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին ՌԴ ԱԳՆ խոսնակի վերջին հայտարարությունից և միջանցքի ստեղծմանը Ռուսաստանի լուռ աջակցությունից հետո, Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ միջանցքի բամանն ուղղված ջանքերը կարմիր գիծ են և անընդունելի։
«Զանգեզուրի միջանցքը» ցամաքային տրանսպորտային երթուղի է, որն Ադրբեջանը, Իրանի հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի տարածքով, միացնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Իրանն ընդգծել է, որ եթե այս միջանցքը նման լինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղուն, որը մի քանի երկրների միջոցով միացնում է Ռուսաստանը Պարսից ծոցին, ապա Թեհրանը կհամաձայնի դրա գործարկման հետ, քանի որ արդյունքում կաճի տարածաշրջանային համագործակցությունը։ Սակայն եթե միջանցքը ենթադրում է ՀՀ տարածքի մի մասը միացնել Ադրբեջանին և կտրել Իրանի ու Հայաստանի սահմանային կապը, Թեհրանը ոչ միայն համաձայն չէ, այլև 100 տոկոսով դեմ է միջանցքին և դա համարում է իր կարմիր գիծը։
Հատկանշական է, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ցանկանա անեքսիայի ենթարկել Հայաստանի տարածքի մի մասը, Մոսկվան ըստ երևույթին, բացասական չի արձագանքի։
Իսկ պատճառը Ռուսաստանի համար Հայաստանի համեմատ Ադրբեջանի ավելի գերադասելի դիրքն է, Փաշինյանի վարած արևմտամետ քաղաքականությունն, Ուկրաինայի հետ կապված խնդիրները, և վերջապես այն փաստը, որ Կովկասի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը չի սպառնում Ռուսաստանի կենսական շահերին։