Իսրայելը կեղծ ընկերություն է ստեղծել պայթուցիկներով փեյջերների արտադրության համար
(last modified Thu, 19 Sep 2024 08:53:22 GMT )
Սեպտեմբեր 19, 2024 12:23 Asia/Tehran
  • Իսրայելը կեղծ ընկերություն է ստեղծել պայթուցիկներով փեյջերների արտադրության համար

Իսրայելը կեղծ ընկերություն է ստեղծել պայթուցիկներով փեյջերների արտադրության համար, որոնք հետագայում մատակարարվել են Լիբանան։ Այս մասին հայտնում է ամերիկյան New York Times–ը` հղում անելով օպերացիայի մասին իրազեկ հետախուզության երեք աշխատակցի։

«Արտաքին բոլոր հատկանիշներով «BAC Consulting» ընկերությունը հունգարական ընկերություն էր, որը թայվանական «Gold Apollo» ընկերության անունից սարքերի արտադրության պայմանագիր ուներ։ Իրականում այն իսրայելական քողարկման մաս էր կազմում», – գրում է թերթը։

Պարբերականի աղբյուրները հավելել են, որ առնվազն ևս երկու կեղծ ընկերություն է ստեղծվել` քողարկելու համար փեյջերները ստեղծած մարդկանց` իսրայելական հետախուզության աշխատակիցներ լինելու փաստը։

Ինչպես նշում է պարբերականը, «BAC Consulting»–ը նաև սովորական հաճախորդներ է ունեցել, որոնց համար առանց պայթուցիկների փեյջերներ են արտադրվել։

Պարբերականի համաձայն` փեյջերները Լիբանան են սկսել մատակարարել 2022 թվականի ամռանը, այնուհետև արտադրությունն ընդլայնվել է, երբ «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման առաջնորդ Հասան Նասրալլան անվտանգության նկատառումներից ելնելով դատապարտել է բջջային հեռախոսների օգտագործումը։

Սեպտեմբերի 17–ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերներ են պայթել։ Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով շուրջ 3 հազար մարդ է վիրավորվել, 20-ը զոհվել են։

Ավելի վաղ փեյջերներ արտադրող «Gold Apollo» թայվանական ընկերությունը հայտարարել էր, որ Լիբանանում պայթած փեյջերների խմբաքանակն արտադրել էր Բուդապեշտի «BAC Consulting Kft» ընկերությունը հավաստագրով։