Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի
(last modified Thu, 10 Oct 2024 09:26:26 GMT )
Հոկտեմբեր 10, 2024 12:56 Asia/Tehran
  • Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիայի կրթության նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:

Մասնավորապես «Թուրքիայի հարյուրամյակի կրթության մոդելի» շրջանակում, որը կիրառելի է լինելու նախակրթարանի 1-ին, միջնակարգ դպրոցի 5-րդ, 9-րդ դասարանների և քոլեջի նախապատրաստական ծրագրում, դադարելու է «Միջին Ասիա» տերմինի կիրառումը:

Մոդելի համաձայն շարժվելու համար հրապարակվել են տերմինների և հասկացությունների կիրառման ճիշտ ձևերը:

Օրինակ` «Միջին Ասիայի» փոխարեն կիրառվելու է «Թյուրքիստան» ձևը: Նմանատիպ փոփոխությունների շարքում է նաև «Արտաքսման մասին օրենքը», որի փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման օրենք» տերմինը:

 «Թյուրքիստան» տերմինի կիրառելի դարձնելու մասին փոփոխությունը թուրքական սոցցանցերում բավական դրական արձագանք է ստացել:

Հիմնականում նշվել է. «Արմատական փոփոխություն կրթության նախարարության կրթական ծրագրում. ոչ թե Միջին Ասիա, այլև Թյուրքիստան»:

Թուրք դոկտոր Ռամին Սադըքն էլ, անդրադառնալով տեղի ունեցածին, իր հերթին ընդգծել է դրա կարևորությունը.

«Այն որոշումը, որով մենք տեր ենք կանգնում Թյուրքիստան հայեցակարգին և կրթության նախարարության գրքերում այն տեղ է գտնում, շատ ճիշտ որշում է:

Թուրքիա նշանակում է թուրքերով խիտ բնակեցված տարածք: Միջին Ասիայում ո՞ր հանրությունն է ինտենսիվ կերպով ապրում:

Մեզ չի հետաքրքրում այն, թե ուրիշները ոնց են կոչում այս տարածքը: Մենք պետք է տեր կանգնենք մեր պատմությանը, մշակույթին և անցյալին»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ նախարարությունը սա սկսել է և այդպիսով կարևորություն տվել «Թյուրքիստանին»:

Սադըքը նաև ընդգծել է, որ նախարարության աշխատանքների շնորհիվ անցյալից ապագա ձգվող տեսլական է ձևավորվելու:

Նա շեշտել է, որ Թյուրքիստան տերմինը կիրառելով իրենք առաջնորդելու են դրա մասին մտքերն ու այլ երկրների՝ դրա ճիշտ կիրառումը ևս: