Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերություններն արտոնյալ գործընկերության բնույթ ունեն. Պուտին
Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կրում են արտոնյալ գործընկերության բնույթ։ Այս մասին ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կրում են հատուկ արտոնյալ, ռազմավարական գործընկերության բնույթ և շարունակում են ակտիվորեն զարգանալ», - ասել է Պուտինը:
Նա նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը լավ մակարդակի վրա է, և հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Նյու Դելիում:
«Հետևողականորեն զարգանում են խոշոր նախագծերը», - հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն ընդգրկվել է կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։