Կշարունակենք ամեն ինչ անել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Պուտին
Ռուսաստանը կշարունակի ամեն ինչ անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Կրեմլում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողությունից հետո։
Ռուսաստանի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել նաև Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները:
«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք ամեն ինչ արել և անում ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց են ունեցել սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելուն:
Ռուսաստանի նախագահը նաև հաստատել է դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և ապագայի պլանները նախանշելու մտադրությունը: