Ստամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող Տատյան հայկական մասնավոր վարժարանի վրա հունվարի 22-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ զինված հարձակման հետևանքով կոտրվել են հայկական վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։
Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։
Մինչ այդ ոստիկանությունն ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկի տեսագրությունը՝ պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը կրակ է բացել հայկական վարժարանի ուղղությամբ, իսկ մյուսը՝ դատարկ պարկուճները հավաքել։ Ոստիկանությունը նկատելով, որ կասկածյալները մի կացարանում են պատսպարվել, միջոցներ է ձեռնարկել և գործողություն սկսել նրանց դեմ։
Շ․Ք․ և Յ․Չ․ անվամբ կասկածյալները ձերբակալվել են։
Թեմայի վերաբերյալ Ստամբուլի անվտանգության տնօրինությունից ստացված պարզաբանման համաձայն՝ բացահայտվել է, որ կասկածյալները մինչ այդ զանազան հանցագործությունների հեղինակ են եղել։
Նրանց տանը կատարված խուզարկության արդյունքում ատրճանակ և 14 պարկուճ է գտնվել։
Կասկածյալներից Յ․Չ․-ն հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա թղթապանակն ուղարկվել է արդարադատության համապատասխան մարմիններին։
Ինչ վերաբերում է մյուս կասկածյալին, ապա Շ․ Ք․-ն հանձնվել է դատական ատյաններին՝ «գույքին վնաս հասցնելու», «ընդհանուր անվտանգությունը դիտումնավոր կերպով վտանգի ենթարկելու» և այլ մեղադրանքներով։
news.am