Ֆրանսիան հայտարարել է ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին
Ֆրանսիան հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հանդիսանալով հակամարտող կողմերի միջև միջնորդ, շարունակում են կատարել իրենց պարտավորությունները, ինչպես նաև ջանքեր գործադրել վստահության ամրապնդման ու հակամարտության խաղաղ, բազմակողմ կարգավորման ուղղությամբ։ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, արդեն հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին», - նշել է դեսպանը։
Բուշեն նաև նշել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված եռակողմ հանդիպման արդյունքը։ Դեսպանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կարելի է հասնել միայն մշտական ու անկեղծ երկխոսության միջոցով:
armedia.am
22/6/2016