Թուրքիան պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» զորք ուղարկել Ուկրաինա
(last modified Thu, 06 Mar 2025 15:11:10 GMT )
Մարտ 06, 2025 18:41 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» զորք ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ բանակն ունեցող Թուրքիան կարող է մասնակցել Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը, Reuters-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։

«Առաքելությանը մասնակցելու հարցը կդիտարկվի, եթե դա անհրաժեշտ համարվի տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատման համար, և կգնահատվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ»,- հայտնել է աղբյուրը։

Եվրոպայի գլխավոր ռազմական տերությունները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, արդեն քննարկել են զորքեր տեղակայելու հարցը՝ Ուկրաինայում հրադադարի պահպանման հնարավոր մոնիթորինգի ուժերի շրջանակում՝ ապագա խաղաղության համաձայնագրից հետո, մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, որ այնտեղ ամերիկացի զինվորներ չի ուղարկի:

Ուկրաինան հայտարարում է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր կպահանջի հզոր ուժեր տեղում՝ անվտանգության երաշխիքներ ապահովելու համար: Մոսկվան մերժել է ՆԱՏՕ-ի ուժերի ցանկացած տեղակայում, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով Ռուսաստանը կարող է համաձայնել:

Թուրքական աղբյուրը հայտնել է, որ թուրքական զորքերի տեղակայման շուրջ քննարկումները մնում են հայեցակարգային, և դեռևս կոնկրետ որոշումներ չեն ընդունվել։

Աղբյուրն ընդգծել է, որ եթե Թուրքիան որոշի ուղարկել իր զորքերը, ապա նախ անհրաժեշտ կլինի հրադադար հայտարարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Անցյալ շաբաթ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում առանձին հանդիպումների ժամանակ քննարկել է հնարավոր տեղակայման հարցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

news.am