Թրամփը պնդել է, որ նամակ է ուղարկել Իրանի հեղափոխության առաջնորդին
ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և պնդել է, որ անմիջական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդին։
ISNA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել երկխոսություն սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ պնդելով, որ նամակ է հղել «Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին»։
Fox News-ին տված հարցազրույցում նա ևս մեկ անգամ կրկնել է այն պնդումը, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել՝ ասելով. «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Կան նաև այլ տարբերակներ (բացի բանակցություններից)»:
Թրամփի կողմից խոսելու և բանակցելու պատրաստակամության արտահայտումը տեղի է ունենում այն դեպքում, երբ նա վերջերս վերսկսել է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը։