Չինաստանում Իրանի դեսպան. Պեկինյան հանդիպումը շատ արդյունավետ էր
(last modified Fri, 14 Mar 2025 12:04:25 GMT )
Մարտ 14, 2025 15:34 Asia/Tehran
  • Չինաստանում Իրանի դեսպան. Պեկինյան հանդիպումը շատ արդյունավետ էր

Չինաստանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Բախտիարը X-ի իր օգտահաշվում անդրադառնալով Պեկինում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի եռակողմ հանդիպմանը, գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության հիման վրա այսօր Պեկինում լիակատար հաջողությամբ կայացավ ԱԳ փոխնախարարների եռակողմ հանդիպումը»։

Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, Բախտիարը հավելել է. «Իրավական և միջազգային հարցերով ԻԻՀ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին այլ կողմերի հետ դրական և կառուցողական խորհրդակցությունների ընթացքում շատ կարևոր և արժեքավոր փոխըմբռնումներ է ձեռք բերել միջազգային կարևոր հարցերի շուրջ եռակողմ համագործակցության զարգացման վերաբերյալ։ Նաև ընդգծվել է երեք երկրների համագործակցության և Միացյալ Նահանգների պատժամիջոցների դեմ պայքարելու անհրաժեշտությունը»։

Չինաստանում Իրանի դեսպանն ընդգծել է. «Նման եռակողմ հանդիպումները ճանապարհ կհարթեն ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու համար»։
Այսօր առավոտյան Պեկինում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի եռակողմ հանդիպումը, որին մասնակցել են երեք երկրների փոխարտգործնախարարները՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Հանդիպման ավարտին հրապարակվել է ամփոփիչ հաղորդագրություն։ 

Ըստ հաղորդագրության՝ երեք երկրները կրկնել են, որ դիվանագիտական, քաղաքական ներգրավվածությունը և փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա հիմնված երկխոսությունը միակ գործնական և վստահելի տարբերակներն են՝ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ։

Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, նաև ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կարևորությունը՝ ներառյալ դրանում նշված ժամկետները և կոչ են արել կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կխոչընդոտի դիվանագիտական ջանքերի համար համապատասխան պայմանների ստեղծմանը։