Թուրք դիվանագետ. Ստամբուլի քաղաքապետի դեմ Էրդողանի գործողությունները վնասում են նրան
-
Թուրք դիվանագետ. Ստամբուլի քաղաքապետի դեմ Էրդողանի գործողությունները վնասում են նրան
Թուրք վերլուծաբանը զգուշացրել է Ստամբուլի քաղաքապետին բանտարկելու հարցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմավարական սխալների մասին։
Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի մեղադրանքով։
Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, «Pars Today-ը հաղորդում է, որ թուրք նախկին դիվանագետ Մեհմեդ Օղութչուի կարծիքով՝ Ստամբուլի քաղաքապետի դմ իրականացրած գործողություններում Էրդողանի թիմը բազմաթիվ ռազմավարական սխալներ է թույլ տվել, և այդ սխալները կարող են միջնաժամկետում «Արդարություն և զարգացում» կուսակցությանը տանել դեպի պարտության և փլուզման անդունդ։
Նա իր հոդվածում գրել է․ «Ներկայիս միտումները, քաղաքական ճնշումները և Էքրեմ Իմամօղլուի բանտարկությունը չեն նշանակում պարզապես Էրդողանի ամենակարևոր մրցակցի բանտարկություն։ Այս իրադարձությունը դարձել է նաև խոշոր քաղաքական զարգացում, որն առաջիկայում հիմնովին կխախտի Թուրքիայի քաղաքական հավասարակշռությունն ու դինամիկան»։
Օղութչուն գրել է․ «Թուրքիան կարող է հայտնվել փակուղում, որտեղ հաղթողներ չլինեն, և պարտվել: Մենք ականատես ենք ճգնաժամի, որը ձնագնդի պես աճում է։ Սխալ վերաբերմունքի և վատ կառավարման դեպքում Իմամօղլուի ապագա քաղաքական դիրքերը կամրապնդվեն, և ողջ ընդդիմությունը կդառնա ավելի ուժեղ դերակատար ներկայիս իշխանության դեմ»:
Քաղաքագետը գրել է. «Էրդողանի կառավարության ամենամեծ սխալն այն էր, որ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Իմամօղլուի գիտական աստիճանը չեղյալ համարելը, կոռուպցիայի ու ահաբեկչության հետ կապի մասին մեղադրանքի ներկայացումն իրականացվեցին այնպես, որ բոլորը հասկացան, որ դրա հիմնական նպատակը հզոր մրցակցին վերացնելն է»։
Նրա խոսքով, Իմամօղլուն խորհրդանիշ է դառնում ոչ միայն իր կուսակցության, այլև բոլոր ընդդիմադիր քաղաքական շարժումների համար և կարող է համախմբել բոլորին։
Օղութչուն հավելել է. «Քաղաքային վերջին երկու ընտրություններից հետո Էրդողանի կուսակցությունը կրկին պարտվեց Ստամբուլում։ Սա այն դեպքում, երբ Էրդողանն ինքը բազմիցս ասում էր. «Ով կորցնում է Ստամբուլը, կորցրել է Թուրքիան»»:
Ըստ փորձագետի, քանի որ քաղաքական և տնտեսական փխրունությունը մեծանում է, իսկ Էրդողանի ժողովրդականությունը նվազում, կառավարությունն ու նախագահի՝ առաջնորդելու հնարավորությունները հարցականի տակ են դրվում, իսկ իշխող կուսակցության ներսում մարդիկ աստիճանաբար գալիս են այն եզրակացության, որ Էրդողանի որոշումները թուլացնում են կառավարությունը, խորանում են սխալ գծերը կուսակցության ներսում, և Էրդողանից հետո ղեկավարության իրավահաջորդության համար պայքարը կարող է սկսվել շատ ավելի շուտ, քան սպասվում էր:
Օղութչուն նշել է, որ Թուրքիայում նոր լարվածությունը կնպաստի տնտեսական ռիսկերի և վտանգների ավելացմանը, հավելելով, որ համաշխարհային հարթությունում Եվրամիությունը և ԱՄՆ-ը Թուրքիայի զարգացումները գնահատում են որպես ժողովրդավարության հետընթաց։ Թուրք նախկին դիվանագետը հայտարարել է. «Այժմ, այս զարգացումներով, թվում է, թե մենք գործնականում «կրակում ենք ինքներս մեր ոտքին»։ Հնարավոր չէ, որ այն երկիրը, որը տանը ուժեղ չէ, ուժեղ լինի դրսում և պահպանի իր միջազգային վարկանիշը»։